Ընտանեկան բռնության օրենքը և ձեր իրավունքները
Օրենքը ձեր կողմն է, եթե բռնության դեպքերը գրանցված են ոստիկանությունում կամ հիվանդանոցում։ Այս կերպ դուք կարող եք շատ ավելի արագ ստանալ պաշտպանություն։
Եթե ոստիկանությունը գալիս է ձեր տուն կամ այն վայր, որտեղ տեղի է ունենում բռնությունը, նրանք պարտավոր է մնալ այնտեղ այնքան, քանի դեռ դուք գտնվում եք ֆիզիկական վտանգի մեջ։ ԿԱՄ ոստիկանությունը կարող է ձեզ տեղափոխել անվտանգ վայր կամ հիվանդանոց՝ անհապաղ բժշկական օգնություն ստանալու համար։
Դուք կարող եք զանգահարել թեժ գծին՝ 099-88-78-08, ձեր անվտանգությունն ապահովելու համար։
Եթե որոշեք տեղափոխվել ապաստարան կամ մեկ այլ վայր և ցանկանում եք վերցնել ձեր և ձեր երեխաների հագուստը, փաստաթղթերը և այլ անձնական իրեր, կարող եք դիմել ոստիկանությանը, որպեսզի նրանք ուղեկցեն ձեզ, և նրանց ներկայությամբ դուք կարող եք վերցնել ձեր իրերը՝ բացառությամբ կահույքի։

Ըստ Ընտանեկան Բռնության նոր օրենքի դուք կարող եք ստանալ.
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Եթե ոստիկանությունը ժամանում է բռնության դեպքի վայր և միջադեպը տեղի է ունեցել տվյալ պահին, սակայն չի պատճառել ծանր վնաս, ոստիկանությունը կարող է բռնարարին տալ միայն նախազգուշացում։ Նախազգուշացումը բռնարարի համար այլ իրավական հետևանքներ չի առաջացնում։ Շատ կարևոր է ոստիկանությանը տեղեկացնել, եթե բռնությունը տեղի է ունեցել բազմիցս որոշակի ժամանակահատվածում։ Եթե նույնիսկ այդ դեպքում ոստիկանությունը սահմանափակվում է միայն նախազգուշացմամբ, կարող եք զանգահարել մեր թեժ գծին՝ 099 88 78 08։
ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ․ Եթե ոստիկանությունը տեղեկացված է բռնության մասին կամ դուք ունեք ապացույցներ, օրինակ՝ վնասվածքներ, վնասվածքների մասին բժշկական փաստաթղթեր կամ վկաներ, կամ եթե բռնությունը շարունակվել է նախազգուշացումից հետո և դուք այդ մասին հայտնել եք ոստիկանությանը, ապա ոստիկանությունը կարող է կայացնել անհետաձգելի միջամտության որոշում։ Այս որոշումը կարող է գործել մինչև 25 օր։ Այդ ժամանակահատվածում ոստիկանությունը բռնարարին հեռացնում է տնից, նույնիսկ եթե տունը նրա սեփականությունն է, և նրան արգելվում է մոտենալ ձեզ կամ ձեր երեխաներին, ինչպես նաև կապ հաստատել ձեզ հետ հեռախոսով, SMS-ով կամ այլ միջոցներով։
...
ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ. Այս որոշումը տրվում է դատարանի կողմից և կարող է պահանջվել տուժողի, ոստիկանության կամ Ճգնաժամային կենտրոնի (օրինակ՝ Կանանց Աջակցման Կենտրոնի) փաստաբանի կողմից։
Սովորաբար այս Որոշման համար կարելի է դիմել, երբ ունեք Շտապ Պաշտպանական Որոշում կամ երբ ոստիկանությունը գրանցել է լուրջ խախտում կամ բռնության դեպք։
Ամուսնալուծության ընթացքում կամ քրեական դատավարության ժամանակ իրավիճակը կարող է դառնալ չափազանց վտանգավոր, և խորհուրդ է տրվում ստանալ Պաշտպանական Հրաման։ Այս հրամանը կարող է գործել մինչև 12 ամիս։
Հրամանում, բացի ձեր անունից, կարող եք ներառել նաև ձեր երեխաների և հարազատների անունները, ում մոտ բռնարարը կարող է գնալ և սպառնալ կամ բռնություն կիրառել։
Այս հրամանի շրջանակում բռնարարին արգելվում է մոտենալ ձեզ և ձեր երեխաներին տանը, դպրոցում, աշխատանքի վայրում, խանութում, ձեր ծնողների տանը և այլ վայրերում։ Նրան նաև արգելվում է որևէ ձևով կապ հաստատել ձեզ հետ կամ այն անձանց հետ, ովքեր նշված են Որոշման մեջ։
...
ՀԱՇՏԵՑՈՒՄ․ Ոչ ոք իրավունք չունի ճնշում գործադրել ձեր վրա կամ համոզել ձեզ հաշտվել բռնարարի հետ կամ վերադառնալ տուն։ Ձեր անվտանգությունը առաջնային է և պաշտպանված է օրենքով։
