Ընտանեկան բռնության դինամիկան տարբերվում է բռնության այլ ձևերից, քանի որ բռնությունը կատարվում է մարդու կողմից, ում զոհը սիրում և վստահում է։ Այդ բռնությունը երկարատև օրինաչափության մաս է, որ ստեղծում է իրավիճակային կախվածություններ՝ բարդացնելով զոհի հեռանալու հնարավորությունը։ Ընտանեկան բռնության հարաբերությունների մեծ մասն անմիջապես չի սկսվում բռնությամբ։
Ընտանեկան կամ զուգընկերային բռնության հիմքում ընկած է որոշ մարդկանց ցածր ինքնագնահատականը, որ ուղեկցվում է ծայրահեղ ավանդական համոզմունքներով։ Նրանք կարծում են, որ ունեն իրենց զուգընկերոջը վերահսկելու իրավունք, և որ կանայք հավասար չեն տղամարդկանց։ Շատ քիչ դեպքերում առկա են հոգեկան առողջության խնդիրներ։ Մյուսները սովորում են այս բռնի վարքագիծը իրենց ընտանիքներում, քանի որ տեսել են այն իրենց ծնողների հարաբերություններում։
«Մեր ամուսնության սկզբում ամեն ինչ լավ էր։ Մենք շատ էինք սիրում իրար։ Չեմ կարող հստակ հիշել, թե երբ սկսվեց, բայց նա հաճախ առանց որևէ պատճառի նյարդայնանում ու բարկանում էր։ Ես փորձում էի ամեն ինչ, որ իր ուզածով լինի, բայց թվում էր՝ ոչինչ արդյունք չի տալիս։ Ես մտածում էի, որ երբ երեխա ունենանք, դա մեզ կմոտեցնի, բայց հղիության ընթացքում նա շատ էր բարկանում ինձ վրա՝ ասելով, որ ես միայն երեխայի մասին եմ մտածում։ Նա սկսեց ինձ ծեծել, նույնիսկ՝ որովայնիս էր խփում։ Ես շատ վշտացած ու վախեցած էի և վախենում էի կորցնել երեխային, բայց հետո նա գալիս էր ծաղիկներով և ներողություն էր խնդրում։ Ես սիրում էի նրան, և երբ նա ներողություն էր խնդրում, կարծում եմ՝ հավատում էի նրան։ Մտածում էի, որ ամեն ինչ դեպի լավը կգնա, բայց դրա փոխարեն իրավիճակն ավելի էր վատանում։ Տարիներն անցնում էին, և ծեծը դառնում էր ավելի ու ավելի դաժան ու ավելի հաճախակի»։
«Չգիտեմ՝ ինչու էր նա ինձ ծեծում․ փորձում էի հասկանալ, բայց միշտ կարծես ինչ-որ անսպասելի բան էր լինում, որը նրան հունից հանում էր։ Չեմ հիշում հիմա։ Մի անգամ, երբ շատ ուժեղ էր ծեծել, չէի կարողանում խոսել, շուրթերս ու աչքս ուռած էին, նա խնդրեց, աղաչեց, որ ներեմ իրեն։ Ասաց, որ կփոխվի, շատ լավ էր վերաբերվում ինձ, երեխաների համար նվերներ էր բերում և օգնում էր տան գործերում։ Ես մտածում էի՝ գուցե նա վախեցել էր, որ կարող էր ինձ սպանել կամ որ ես կարող էի հեռանալ։ Ես նույնիսկ խղճում էի նրան, որովհետև նա այնքան մոլորված էր թվում։ Եվ ես չգիտեի՝ ինչ անել։ Ես ամաչում էի որևէ բան ասել որևէ մեկին»։
«Ես մտածում էի հեռանալու մասին, բայց փող և գնալու տեղ չունեի։ Մտածում էի, որ երեխաներին հայր է պետք։ Բայց նրանք նույնպես վախենում էին։ Իմ ավագ դուստրը հինգ տարեկանում սկսեց գիշերները անկողինը թրջել։ Զգում էի, որ նա շատ է վախենում իր հորից։ Միշտ հույս ունեի, որ վերջին ծեծը վերջինը կլինի, բայց հետո ամեն ինչ նորից ու նորից էր կրկնվում։ Նրա ողջ մեղմությունն անհետացել էր։ Նա ստիպում էր ինձ սեռական հարաբերության մեջ մտնել նույնիսկ այն օրերին, երբ ես ինձ լավ չէի զգում, կամ մի անգամ, երբ բարձր ջերմություն ունեի։
Մի օր, ամուսնության 9 տարին լրանալուց հետո, նա սպառնաց ինձ սպանել։ Նա վերցրեց խոհանոցի դանակը և թափահարեց այն իմ ուղղությամբ։ Ես մտածում էի, որ կմեռնեմ։ Այդ պահին հասկացա, որ պետք է փախչեմ… Նա դառնում էր անկառավարելի, և ես չգիտեի, թե հետո ինչ կարող է տեղի ունենալ։ Ես դեռ հիշում եմ, թե որքան էի նրան սիրում։ Երբեմն դեռ կարող եմ զգալ այդ սերը»։
Անահիտ, 33 տարեկան
Ընտանեկան բռնությունը Հայաստանում
Հայաստանը հայրիշխանական հասարակություն է, ինչը նշանակում է, որ ավանդական մշակութային համոզմունքների շրջանակում կանայք սովորաբար դիտվում են որպես տղամարդկանցից պակաս իշխանություն ունեցող։ Ամուսնության մեջ հայ տղամարդկանց սովորեցնում են, որ նրանք տեր են, իսկ հայ կանանց՝ որ պետք է լինեն հնազանդ, և որ կնոջ ամենակարևոր դերը հասարակության մեջ «օջախ պահողն» է՝ տունն ու ընտանիքը խնամողը։
Սա տղամարդկանց տալիս է իշխանություն վերահսկելու և որոշումներ կայացնելու ընտանիքի` ներառյալ կնոջ փոխարեն, ում արժեքը ամբողջությամբ կապվում է տան հետ։ Կանանց սովորեցնում են, որ լավ հայ կին լինելու համար նրանք պետք է հնազանդվեն իրենց ամուսիններին, և որոշ մարդիկ նույնիսկ հավատում են, որ տղամարդը պետք է ծեծի իր կնոջը, եթե նա չի ենթարկվում։ Այս դինամիկան խթանում է վերահսկողությունն ու բռնությունը և շատ է դժվարացնում հայ կանանց համար բռնարար հարաբերությունից հեռանալը։ Երեխաները նույնպես հաճախ յուրացնում են այս գաղափարները և ամաչեցնում իրենց մայրերին՝ չհեռանալու համար։
